Վալոդյա Գրիգորյանի սպանության գործը տեղափոխվել է Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն. Արտակ Հովհաննիսյան
Քաղաքական
13:03 24/09/2025
Հայաստան

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործը տեղափոխվել է Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն. Արտակ Հովհաննիսյան

«Դիմակավորված անձն ինքնաձիգից կրակ է արձակել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և վերջինիս հետ գնվող ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի,  քաղաքացի Արծրուն Գալստյանի ուղղությամբ, ինչի  հետևանքով առաջին երկուսը մահացել են»,- Փարաքար համայնքի ղեկավարի սպանության դեպքի վայրում լրագրողներին ասաց ՀՀ ՔԿ-ի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, Մարդու դեմ կատարված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ Արծրուն Գալստյանը տեղափոխվել է բժշկական հաստատություն և ստացել համապատասխան օգնություն։

«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզի գլխավոր վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ սպանությունների փաստով և 44 և 155 հոդվածներով նախատեսված հատկանիշներով Արծրուն Գալստյանի սպանության փորձի առթիվ»,- հայտնեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ սպանության գործը տեղափոխվել է Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։

«Քրեական վարույթով առաջադրվել են մի շարք վարկածներ, այդ թվում նաև փետրվարին Մերձավանում կատարված սպանության հետ  կապի վարկածը՝ այն հերքելու կամ հաստատելու նպատակով»,-ասաց Արտակ Հովհաննիսյանը։

Տեղեկացնելով, որ ղեկավարում է նաև գործող քննչական խումբը՝ Հովհաննիսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ հիմնավորելով, որ իր կողմից լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը նախաքննության շահերին և գաղտնիությանը կարող է խոչընդոտել և վնասել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործը տեղափոխվել է Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն. Արտակ Հովհաննիսյան